ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
15.06.2010 | 00:00

Վերջին օրերին հանրային կյանքի առավել քննարկվող հարցերից մեկը դարձավ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման հավանականությունը: Ինչպես համանման դեպքերում, այժմ էլ հասարակության ամենատարբեր շրջանակներ սևեռվում են տվյալ հարցի միայն ընթացիկ, սոսկ մակերեսային կողմի վրա, այնինչ թե՛ այս, թե՛ մի շարք այլ կարևոր հարցերում խնդիրն ավելի խորքային է և լուրջ: Եթե մի պահ փորձենք վեր կանգնել մեր կյանքի առօրեական ռիթմից և մեր հասարակությանը նայենք դրսից` իբրև մի համակարգի, ապա գույներն ավելի պարզ կլինեն, դատողություններն էլ անհամեմատ օբյեկտիվ: Հայաստանում ընթացող կարևորագույն գործընթացները պայմանավորված չեն սոսկ քաղաքական կամ տնտեսական գործոններով, մեզանում կատարվող բոլոր փոփոխությունները շաղկապվում են մեր մտավոր և բարոյական արժեհամակարգի հետ: Հայաստանում առկա է խոր բարոյական ճգնաժամ: Դեռևս 5-րդ դարում Խորենացու գրած «Ողբը» մարգարեական է դառնում նաև այսօր։ Մեր կենսընթացը պայմանավորված է նյութական արժեքների համար ընթացող դաժան պայքարի տրամաբանությամբ, ավելի ճիշտ` անտրամաբանությամբ: Մենք ազգովին շուկայական տարերքի մեջ ենք: Շուկայական են դարձել նաև մեր բարոյական կյանքն ու արժեհամակարգը, կարծես ապրում ենք ի հեճուկս միմյանց: Յուրաքանչյուրիս առաջընթացը կախված է այն բանից, թե մյուսները որքան կձախողվեն: Մեր անձնական վերելքները բերում են ազգային վայրէջքի: Հասարակության մեջ ամենից պրիմիտիվ արժեքները դարձել են ամենաօրինակելին: Հակահերոսները դարձել են հերոսներ: Քրիստոնեական բարեպաշտությանը փոխարինում են կեղծավորությունն ու նյութապաշտությունը, հասարակությունը դարձել է որովայնակենտրոն: «Որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը դարձել է հասարակական նորմ: Մարդկային միտքը ստորադասվել է պարզագույն նյութականին: Նպատակը զոհաբերվել է միջոցին: Դպրոցներում մեր երեխաները սովորում են, թե ինչպես է պետք գոյատևել: Համալսարանները վերածվել են ժամանցի կենտրոնների: Մրցակցությունը ոչ թե սովորելու, այլ չսովորելով բարձր գնահատական ստանալու մեջ է: Երիտասարդ սերնդի դաստիարակության գործում ազգայինի, ավանդականի չափաբաժինը էապես քիչ է: Մենք ձեռք ենք բերել մի անհասկանալի ինքնություն, որը բաց է ամեն տեսակի պարզամիտ արժեքների առաջ:
Մեր թշնամիները վաղուց հասկացել են, որ մեզ կործանելու համար անհրաժեշտ է կործանել մեր մշակույթը, ավանդույթները, ազգայինը, և դա պետք է անել մեր իսկ ձեռքերով` փոխելով մեր մտածողությունը: Սակայն մեր գլխավոր թշնամին մեր մեջ է:
Պատմությունը մեզ ավանդել է լինել հոգով համախմբված և միասնական մեր գործերում: Մեր կրոնը պատգամում է լինել համերաշխ և գործակցել համընդհանուր երջանկության համար: Մեզ շրջապատող աշխարհը ստիպում է հետ չմնալ զարգացման արագ տեմպերից և չդառնալ լոկ արժեքներ սպառող լուսանցքային ժողովուրդ: Այս մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է որդեգրել նորարարական մոտեցումներ: Մոտեցումներ, որոնք կլինեն մեր մտածողության և կենսաձևի փոփոխության առհավատչյան: Մեզ անհրաժեշտ է մի քիչ անկեղծություն` մեր թերությունները հասկանալու, մի փոքր էլ համարձակություն` անկեղծանալու համար:
Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամ

Դիտվել է՝ 2444

Մեկնաբանություններ